Մի պատմություն մետաղյա հրեշի, իսպանական լոլիկների և Բոինգի նստատեղերի մասին

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Ջեզուսը Միքայելի Սյուզի անունով դինոզավրի համար Մարկո անունով մի ընկեր բերեց. արդեն երևում էր երեկոյի մարտական ոգին:
Չէ՛, ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ երկար սպասված երեկոյից անմիջապես առաջ ես իմ բորդոյածին Մարի-Ալիս ազգանունն էլ թարգմանաբար Գլխարկ գործընկերուհուց ստացա հաղորդագրություն` իրենց ընտանեկան ալերգիաների, սննդային նախասիրությունների, կանխարգելիչ ձեռնարկումների մասին: Չէ՛, ամեն ինչ սկսվեց էն ժամանակ, երբ ես իմ զարմանքը կիսեցի իմ վատ օրերի լավ բարեկամ, շվեյցարուհի ընկերուհու հետ,որն էլ իր հերթին կիսվեց իր իսպանացի ամուսնու հետ: Վերջինս, լինելով Արսենի գործընկերը, հնարավորություն ունեցավ նրա հետ նախատրամադրվելու:
Ջեզուսն ու Օղելին ժամանեցին մի ձեռքին դինոզավր Մարկոյին, մյուս ձեռքին ամերիկյան շուկայում գտնվող ամենալավ իսպանական գինին`« էդ ֆրանսիացիներին ճիշտ գինին ցույց տալու » նպատակով:
Երբ մեր ֆրանիսացի ընկերները ժամանեցին, արդեն երեք տարբեր պետությունների քաղաքացիներ հաշվել էին նրանց ոսկորները: Չնայած այս ամենին` ես` մեծագույն հոռետեսս, շարունակում էի լավատես մնալ: Մինչ Արսենը Վահանի հետ հայկական ավանդական խորոված էր պատրաստում` մտքում ֆրանսերենով ձևակերպելով այս երեկոյի ընթացքում ասվելիք նախադասությունները, Ջեզուսը, Օղելին և ես շատ կիրթ զրույց էինք վարում մեր ֆրանսիացիների հետ ու լսում, թե ինչպես է փարիզածին, սակայն բորդոյաբնակ ու ԱՄՆագաղթ Նիկոլան պատմում իր աշխատանքի մասին: Քանի որ մենք հաջող թաքցնում էինք մեր ձանձրույթը, Ն-ն ավելի մանրամասն էր բացատրում, թե ինչ պատասխանատու գործ է լինել Բոինգ ինքնաթիռների նստատեղերի վերահսկիչ- մասնագետ: Բոլորը մեղմիկ ժպտում էին, ամեն ինչ գնում էր ըստ նախատեսվածի: Հիմա Արսենը պետք է այգու դուռը բացեր ու Ֆրանսերենով ասեր, որ կա խորովածի առաջին կտորները օղիով կրակի շուրջը համտեսելու շատ հին ու հայկական ավանդույթ: Դրանից հետո պետք է տաք-տաք կտորը փաթաթեր լավաշի մեջ ու տար Ն-ին, որն էլ պետք է ,հաճույքից շիկնած, այն համտեսեր: Բայց… Արսենի խոսքն ընդհատվեց իր ֆրանսերենի իմացության մասին հաճոյախոսություններով: Ես շարունակեցի մնալ լավատես, որովհետև արդեն գիտեի, որ պետք է առիթն օգտագործեր ու ֆրանսերենով ասեր, որ իմ ուսանողն է եղել, հետո ամուսնացել է, որ լեզվի իմացությունը խորացնի, բայց ֆրանսերենի դասերը կտրուկ դադարեցվել են : Այս բարդ շարահուսական նախադասություններից հետո, հաճոյախոսություններն ավելի գունագեղ էին, ու Արսենը, չդիմացավ… կանգ չառավ… ու սկսեց ֆրանսերենով բացատրել, որ այդ հայկական ավանդույթը սեռային բնույթ ունի ու վերաբերում է բացառապես տղամարդկանց: Ըստ ավանդույթի, կանայք տանը սպասում են, մինչ տղամարդիկ համտեսում են խորովածի թարմ ու հյութեղ պատառիկները: Այս խոսքերից հետո մենք ականատես եղանք, թե ինչպես ֆրանսիական ժպիտը մարեց մեր ընկերների երեսին: Նիկոլան հրաժարվեց դուրս գալ, սակայն քիչ անց, կնոջ պնդելուց հետո, վերջապես գնաց այդ գենդերային տեսանկյունից վատ քայլին: Սակայն, երբ տեսավ, որ Արսենը խորովածը ձեռքերով դնում է լավաշի մեջ ու այդպես հյուրասիրում, երկմտեց ու երեկոյի նկատմամբ նախատրամդրվեց:
Սյուժեից շեղումը Արսենին ու Ջեզուսին մատնեց տագնապի, ու սկսվեց այն, ինչ սկսվեց…
Նրանց ամեն մի սիդրի կումի հետ, Արսենն ու Ջեզուսը դատարկում էին մեկ բաժակ օղի` լցնելով իմ ու Օղելիի աչքերն անհուն անհանգստությամբ: ԱՆհանգիստ վիճակն ընդհատվել էր լռությամբ, որն ինչ-որ պահ հետո խախտվեց Ջեզուսի անկեղծ լինելու անսպասելի որոշմամբ: Վերջինս որոշեց ճանաչողական զրույց վարել ու պատմել, որ Իսպանիայի պետական տոնի հիմքում ընկած է իսպանացիները նողկանքն ու հիասթափությունը Ֆրանսիացիների նկատմամբ: Օղելիի թարս հայացքից հետո Ջեզուսը սթափվեց ու ասաց. « ինչ լավ ա, որ դուք Բորդոյից եք, ես Բուրգունդիան գինի շա~տ եմ սիրում»: Այդ պահին Արսենը որոշեց, որ պետք է ցույց տա, որ այս սեղանի շուրջ ոչ բոլորն են աշխարհագրությունից կաղում` մանրակրկիտ կերպով մեր ֆրանսիացիներին բացատրելով, թե Ֆրանսիայի որ ռեգիոնում պանիրն ինչպես են ուտում, ոստրեի ինչ սուոս են պատրաստում, ինչ գինով են այն ուտում:Արսենը միայն կանգ առավ իմ « Արսե’ն, դու ֆրանսիացիներին բացատրու՞մ ես, թե նույն իրենք ֆրանսիացիներն ինչը ո՞նց են ուտում»: Իրավիճակին փրկության հասավ Ջեզուսն ասելով, որ շատ է սիրում ֆրանսերենը ու գիտի երկու բառակապակցություն.« Distributeur automatique des boissons» և Լյուսքեմբուրգյան այգում մի փոքրիկ լավ բալիկի վրա բարկացող հիստերիկ ֆրանսուհու «Arrête de faire la pouf» նախադասությունը… Այս անգամ Արսենը ստանձնեց իր փորձով կիսվելու պատասխանատվությունը` ասելով, որ ֆրանսերեն իր սիրած նախադասությունը, որը ՀԱՃԱԽ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՄԵՐ ՏԱՆԸ, լսել է էյֆելյան աշտարակի մերձակայքում հուշանվերներ վաճառող առևտրականներից մեկից.« La prochaine fois, je te tape! »: Չէինք հասցրել շունչ քաշել, երբ սկսեց ասել, որ զզվում է այդ աշտարակից… մի~ յաաախք, մի~փուֆ հնչեց Գուստավի հասցեին. « Ո՞նց կարելի էր այն դարձնել ազգային խորհրդանիշ»: Չէինք հասցնում թուքներս կուլ տալ, նա նոր նախադասություն էր սկսում « այդ մետաղյա հրեշը» բառակապակցությամբ: Լարված դրությունը փրկելու համար, ես ու Օղելին շարունակ կրկնում էինք, որ մենք շաաա~տ ենք սիրում այդ աշտարակը, բայց Արսենը վերդառնում էր այդ «մետաղյա հրեշի» մասին իր կարծիքներով: Անօգուտ էր փրկել իրավիճակը. Արսենն ու Ջեզուսն իրար հերթ չէին տալիս, որ պատմեին այն մասին, թե ինչպես Ջեզուս անունով մի իսպանացի մանուկ տրավմա ստացավ անսիրտ ու բիրտ ֆրանսիացի սահմանապահների պատճառով, որովհետև նրանք Ֆրանսիա-Իսպանիա սահմանին դաժանաբար ոչնչացնում էին բեռնատարների մեջ լցված իսպանական լոլիկները… Նա նույն հաճախականությամբ էր կրկնում ոչնչացվող իսպանական լոլիկների մասին, որքան Արսենը « մետաղյա հրեշ էյֆելյան աշտարակի» մասին: Մեր ֆրանսիացիները ավելացնելու ոչինչ չունեին, նրանք պարզապես մեղավոր լռում էին ամբողջ երեկոյի ընթացքում: ԵՍ ու Օղելին երազում էինք, որ նրանք տուն գնան, բայց նրանք քարացած նստած էին:
Երբ վերջապես որոշեցին տուն վերադառնալ, ես ու Օղելին շտապեցինք ուրախանալ, սակայն դռան շեմին Ջեզուսը որոշեց ասել, որ ցավում է Նիկոլայի համար, որովհետև մինչ այդ օրը կարծում էր , թե իր գործն է անհետաքրքիր, պարզվում է ավելի անհետաքրքիր գործեր էլ գոյություն ունենք, ինչպես օրինակ ինքնաթիռների նստատեղերի վերահսկիչ- մասնագետը…
Նրանք գնացին` իրենց հետևից թողնելով երկօրյա գլխացավ , շա~տ խմված իբուպրոֆեններ և օդում մինչև այսօր սավառնող «մետաղյա հրեշ » և «իսպանական լոլիկներ» բառակապակցությունները…

Leave a comment